Thumb
Բնակվելով և աշխատելով Լոնդոնում` նա լավագույնս տիրապետում է բրիտանական կրթական համակարգի բոլոր առանձնահատկություններին և համալսարանների ցանկին, քաջատեղյակ է հայկական, եվրոպական և ամերիկյան ուսումնական գործընթացների հետ ունեցած տարբերություններին և պատրաստ է իր գիտելիքներով ու փորձով օգտակար լինել հայ ուսանողներին։

Անուշն իր առաջին մագիստրոսական աստիճանը ստացել է Հայաստանում՝ անգլերենի և ֆրանսերենի դասավանդման ոլորտում: Այնուհետև կրթությունը շարունակել է եվրոպական մի շարք համալսարաններում, այդ թվում՝ Ամստերդամի համալսարանում, Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի Մարդու իրավունքների ինստիտուտում և Մաստրիխտի կառավարման դպրոցում:

Ձեռք բերված կրթությունն Անուշի համար ամուր հիմք դարձավ միջազգային զարգացման և կանանց իրավունքների ոլորտում մասնագիտական ուղի կերտելու համար: Միավորված Ազգերի Կազմակերպությունում և միջազգային ՀԿ-ներում աշխատելու տարիներին Անուշն աջակցեց երիտասարդական մի շարք ծրագրերի իրականացմանն աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ 7 տարի ղեկավարեց աղջիկների և երիտասարդ կանանց հարցերով զբաղվող ամենամեծ կրթական կազմակերպության Շահերի պաշտպանության բաժինը և իրականացվող ծրագրերի շրջանակներում աջակցեց բազմաթիվ երիտասարդների անձնային և մասնագիտական աճին:

Երիտասարդներին աջակցելը մշտապես եղել է Անուշի առաջնահերթություններից մեկն իր կարիերայի ողջ ընթացքում: Այն տարբեր դրսևորումներ է ունեցել, ինչպես՝ հրապարակային ելույթների և մոտիվացիոն նամակների պատրաստում, ընդունելության քննությունների նախապատրաստում, խորհրդատվության տրամադրում մասնագիտական կողմնորոշման հարցում, նույն թեմայով աշակերտների հետ հանդիպում-զրույցների անցկացում Մեծ Բրիտանիայի հեղինակավոր դպրոցներում, ինչպես նաև երիտասարդների առաջընթացին ու զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացում:

Անուշի համար կրթությունն ապագայի կերտման ամենահզոր գործիքներից է, և նրա նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններում հնարավոր դարձնել հայ ուսանողների կրթությունը:

Անուշը դպրոցական տարիքի երկու որդիների մայր է։ Իր ընտանիքի հետ բնակվում է հյուսիսային Լոնդոնի թաղամասերից մեկում:

Thumb
Լուսինե Գալաջյանը Հայաստանի և արտերկրի տարբեր բուհերում դասավանդման, ակադեմիական խորհրդատվության և քոուչինգի 20 տարվա փորձառություն ունեցող մասնագետ է: Ներկայումս նա բնակվում է Բոստոնում և ակադեմիական խորհրդատվություն է տրամադրում Մասաչուսեթսի ամենահին համալսարաններից մեկում՝ Դին քոլեջում։

Նախաձեռնելով "EduCompass"-ի հիմնադրումը՝ Լուսինեն իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ երկար տարիների ընթացքում ձեռք բերված ակադեմիական և մասնագիտական փորձը ծառայեցնել հայ և օտարազգի երիտասարդներին՝ աջակցելով նրանց աշխարհի լավագույն համալսարաններում և քոլեջներում բարձրորակ կրթություն ստանալու նպատակի իրագործմանը։

Լուսինեն իր մանկավարժական գործունեությունը սկսել է հայրենիքում՝ Հայաստանում, անգլերենի և ֆրանսերենի դասավանդման մագիստրոսի կոչում ստանալուց հետո: Մասնագիտական գիտելիքները խորացնելու և դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու նպատակով՝ Լուսինեն իր ուսումը շարունակեց ԱՄՆ-ի ամենահայտնի համալսարաններից երկուսում՝ Թաֆթսի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում և Հարվարդի բիզնեսի դպրոցի Առաջնորդների զարգացման գործադիր ծրագրում։

Ուսումնառությունն արտերկրում նրան հնարավորություն ընձեռեց սովորել աշխարհի լավագույն դասախոսներից և միանալ ապագայակերտ առաջնորդների միջազգային խմբերին:

2004 թվականին՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, Լուսինեն Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ներկայացրեց Հարվարդի համալսարանի «Բանակցությունների ծրագիրը» և հաջորդ տարիներին ավելի քան 500 հայ և միջազգային ուսանողների դասավանդեց «Միջազգային բանակցությունների տեսություններ և պրակտիկա» առարկան։

Ավելի ուշ նա իր դասախոսական գործունեությունը շարունակեց Երևանի պետական ​​համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում՝ մասնակցելով Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրի հիմնադրման և կայացման գործին։

Իր մանկավարժական գործունեության ընթացքում Լուսինեն մշակել է բազմաթիվ ուսումնական պլաններ, կազմել կրթական նոր ծրագրեր, դասավանդել տարբեր առարկաներ, մշտապես համագործակցել է արտերկրի համալսարանների հետ:

Զուգահեռաբար նա ակտիվ գործունեություն է ծավալել հանրային և հասարակական ոլորտներում, կամավոր հիմունքներով ներգրավված է եղել համալսարանների և դպրոցների խորհուրդներում, խորհրդատվական ծառայություններ է տրամադրել Հայաստանի պետական կառույցներին, ղեկավարել է Հայաստանի ամենամեծ բարեգործական հիմնադրամներից մեկը՝ Իզմիրլյան հիմնադրամը՝ խթանելով նրա «Աջակցել կայուն զարգացմանը՝ կրթության միջոցով» առաքելության իրականացմանը:

Լուսինեն երեք դուստրերի մայր է։ Նրա մանկավարժական փորձառության հիմքում ընկած է ոչ միայն ֆորմալ կրթությունը, այլև որպես երեք երեխաների մայր անցած ճանապարհը։